ՈՒխտի ճամփից հետ չեն դառնում
20.12.2019 | 01:35
Կարսից դուրս գալուց հետո իմ ուշադրությունը քառապատկվել է: Փորձում եմ բաց չթողնել ոչ մի բլուր, ոչ մի ժայռ, ոչ մի քերծ, ոչ մի քար, որ անցնում են իմ աչքի առջևով: Ընթանում ենք, կարելի է ասել՝ սուրում ենք բարեկարգ ճանապարհով: Սա նոր Թուրքիայի կառուցածն է, անցյալին չի պատկանում, անցյալինը ստեպ-ստեպ իրար հաջորդող, իրարից տարբերվող և իրար շատ նման սարերն ու բլուրներն են, անտառազուրկ, սակայն առինքնող լանդշաֆտը: ՈՒզում եմ, որ ճանապարհը երկարի... Արևոտ, պայծառ օր է, սակայն ավտոբուսի պատուհանից տեսածը ամբողջը չէ, ամբողջն ուրիշ ծավալներ ունի: Ես սուրում եմ ներկայի և անցյալի, իրականության և երազի սահմանագծով: Ինձ ընդառաջ եկող ամեն ինչը հարազատ է և օտար: Փոփոխվող բնապատկերները մի տեսակ հակասական զգացումներ են փոխանցում ինձ. սա ի՞մն է, թե՞ ուրիշինը: ՈՒրախանա՞լ տեսածով, թե՞ տխրել: Նյարդերից ուժեղ մարդ է պետք, որ չկորցնի ինքնատիրապետումը: Հավանաբար, ես այդպիսին չեմ...
Ձախակողմյան սարերի ստորոտին, ճանապարհին շատ մոտ հանկարծ «հայտնվում է» ինչ-որ գետ: Մեկ մոտենում է, մեկ հեռանում, մեկ հայտնվում է, մեկ թաքնվում ծառերի ու թմբերի հետևում: Մեզ ընդառաջ է հոսում, դեպի Կարսի նահանգի տարածք: Մեծ չէ հոսքը, բայց փոքր էլ չէ: Ինձ թվում է՝ կանաչ-կապույտ գույն ունի գետը: Խաբկա՞նք է, երկնքի արտացոլա՞նքն է այդ տպավորությունն առաջացնում: Համենայն դեպս, ջուրը պղտոր չէ: Ըստ էության, պատմական Երասխն է՝ Արաքսը, վերին հոսանքում: Եթե Արաքսն է, ու կանաչ-կապույտ եմ տեսնում գույնը, շատ չեմ սխալվում. այն սկիզբ է առնում Բյուրակնի (Բինգյոլի) բարձրավանդակի աղբյուրներից ու պիտի որ մինչև այստեղ մաքուր լինի, Բյուրակնը հեռու չէ: Արաքսը հետո է պղտորվում:
Ժամանակ անց սարերը հետ են քաշվում, դիմացը բացվում է լայնահորիզոն հարթավայրը: Էրզրումի դաշտում ենք: Ես, որ միայն գրքերից եմ տեղյակ այս դաշտի մասին, այժմ սեփական աչքերով եմ տեսնում իրականությունը: Ճանապարհի աջ ու ահյակ կողմերում լայնատարած դաշտեր են, որոնց մեծ մասից հավաքված է բերքը, և այժմ տերուտնօրինություն անողը խոշոր եղջերավորների մեծաթիվ նախիրներն են: Հանդիպում են նաև եգիպտացորենի և արևածաղկի՝ դեռևս չհնձված, ծաղկի մեջ գտնվող դաշտեր: ՈՒշացած չէ՞ օգոստոսի բառացիորեն վերջին օրերին այս մշակաբույսերի դեռևս կանաչ, ծաղկուն առկայությունը, եթե նկատի առնենք, որ Էրզրումի կլիման խիստ է, աշունը՝ կարճ:
Հարավից ու հյուսիսից հարթավայրը երիզող սարերը հեռացել են իրարից՝ մեծացնելով հարթավայրի լայնությունը: Էրզրումի դաշտը 40 կմ երկարություն և մոտ 30 կմ լայնություն ունի: Ամենալայն տեղում: Այստեղով են անցնում Կարս-Էրզրում-Անկարա, ինչպես նաև Արդահան-Կարս-Պոլիս ավտոմայրուղիները: Հնում էլ է այդպես եղել. Կարինով է անցել Եվրոպայից դեպի Պարսկաստան և Կովկաս ընկած առևտրային ճանապարհը, որը կարևոր նշանակություն է ունեցել Կարինի և դաշտի բնակավայրերի մշակութային վերելքի համար: Շուտով ձախ թևում, սարի փեշին հայտնվում է նորակառույց շենքերով մի թաղամաս: Մենք դեռ չգիտենք, որ թաղամասը Էրզրումինն է: Տեղ հասնելու մեջ համոզվում ենք այն ժամանակ, երբ մեզ տանող ավտոբուսը շրջանաձև ուղեանցով պտտվում և դուրս է գալիս մայրուղուց, կանգ առնում ընդարձակ մի կառույցի հրապարակում: Հասել ենք: Էրզրումի ավտոկայարանն է: Զգացվում է մեծ քաղաքի շնչառությունը, չնայած սա դեռ քաղաքը չէ: Ի՞նչ կա այս կետից այն կողմ, դեպի հարավ-արևմուտք, ուր շարունակվում է դաշտը և ավտոմայրուղին: Այս անգամ մենք չենք տեսնի: Մենք արդե՛ն մեր նպատակակետում ենք: Չենք տեսնի նաև հնում «Կարնո շամբ» կոչված ճահճուտը, որն առաջացել է Արևմտյան Եփրատի շատ դանդաղ հոսքի պատճառով ջրերի մասամբ ափերից դուրս գալու և մի ընդարձակ հատված ողողելու-ճահճացնելու պատճառով: Մենք մեկնում ենք քաղաք՝ գիշերելու տեղ գտնելու, իսկ վաղը Արծաթի ուղևորվելու համար: Բայց օրը դեռ չի ավարտվում, դեռ ժամանակ կա քաղաքին փոքր-ինչ ծանոթանալու համար։
Աշնանացող եղանակը մաքրել է օդի՝ քաղաքին բնորոշ «պղտորվածությունը», ամեն ինչ թափանցիկ է ու մաքուր: Սպիտակ շենքերով քաղաքից արտածվող լույսի ու ստվերի՝ տրամադրություն բարձրացնող խաղ է նկարվել, ինչը մեծացնում է հնարավորինս շուտ քաղաք մտնելու մեր անհամբերությունը: Քաղաք, որտեղ մենք հազար ու մի «գաղտնիք» ունենք պահած, իրականություն չդարձած, սպանված երազանքներ: Մե՛նք չենք կառուցել նոր շենքերով այս քաղաքը, մենք քաղաքի անցյալն ենք, բայց մերն է քաղաքը, մերն է իր խորքով, մերն է պատմական հիշողությամբ: Այստեղ մենք մշակույթ ենք ծաղկեցրել, արվեստ ու արհեստներ ենք ստեղծել: Եղել են ժամանակներ, երբ մենք ենք թելադրել քաղաքային կենսակերպի կանոնները։ Այսօրվա ստեղծվածը մերը չէ, բայց ձգող, անբացատրելի ներքին մի ուժ մեզ քաշում է իրեն։ «Ես քոնն եմ»: Չկա լեզու, չկա բառ, սակայն ներկա է միտքը՝ չկոտրվող ու չընկճվող։
Էրզրումը «նստած է» Այծպտկունք լեռնաշղթայի մի հատվածի ստորոտում, կարելի է ասել՝ մասամբ փեշերին: Քաղաքից երևում են լեռները, որոնցից ամենատպավորիչը Այծպտկունքն է, որի գագաթը բաժանված է երկու սուր կոների: Որոշ դիրքերից այն շատ նման է այծի երկպտուկ կրծքի: Ահա՜ թե ինչ... Հենց սա է լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, որի անունով էլ կոչվում է ամբողջ լեռնաշղթան: Այն ունի 3174 մ բարձրություն, շատ մոտ է Էրզրումին:
ՕՐ ԵՐՐՈՐԴ. ԱՐԾԱԹԻ
Տաքսին մտնում է Էրզրումից Արդահան տանող ճանապարհը և ուղղություն վերցնում դեպի հյուսիս-արևելք: Գնում ենք Արծաթի: Մի պահ թվում է՝ եկած ճանապարհով հետ ենք գնում, բայց ոչ, ուրիշ է ճանապարհը: ՈՒր որ է գյուղ մտնելու սպասումը անհամբեր է դարձրել մեզ: Ախր երկար, շա՜տ երկար ենք սպասել այս հանդիպմանը ու վերջապես մոտ ենք իրար: Տարված հանդիպման անծանոթ ապրումների թրթիռներով՝ չենք նկատել, որ անցել ենք Արևմտյան Եփրատի (Կարասու) վրայով: Այստեղ գետի հոսքը մեծ չէ, քանի որ վերին հոսանքն է: Միայն հետո, երբ Լուսավորչի լեռնակից կնայենք դաշտին, ու մեզ ուղեկցող թուրք Չեթինը ցույց կտա գետի եղեգնաերիզ գալարը, նոր կհասկանանք, թե իրականում որքան մոտ են հանրահայտ գետի ջրերը Արծաթիին: Ընդամենը մոտ երկու կիլոմետր:
Մտնում ենք Սիթավուկ գյուղը, որի միջով է անցնում Արծաթիի ճամփան: Թվում է՝ գյուղում մեզ հարազատ մարդիկ են սպասում, մեր տատերն ու պապերը: Գիտակցում ենք, որ ոչ ոքի աչքը չի սառել մեր ճամփին, բայց ներքին մի ուժ մղում է առաջ: Ի՞նչ ուժ է, հասկանալը մեր գիտակցությունից վեր է:
...Բարով տեսանք, Արծաթի, մեր աչքի լույս, մեր մտքի փարոս, մեր անանուն կարոտների մատյան, մեր նախապապերին ու նախամամերին կյանք տված, մեր սկիզբը դրած բնօրրան... Դու կանչել ես մեզ, դու միշտ ես կանչել, անխոս, անբառ լեզվով ես կանչել: Տղաներից մի քանիսը տարիներ առաջ են եկել քեզ տեսության: Այսօր մեր հերթն է... վաղն էլի են գալու, նրանցից հետո էլ են գալու: Մի՛շտ են գալու ... Օտար-հարազատ միջավայրի հարուցած խառն ապրումներից ծնված այս մտքերը, թվում է, միայն իմը չեն, իմ ուղեկից ընկերներն էլ են այդպես մտածում: ՈՒզում եմ, որ այդպես մտածեն. ախր մեզ այստեղ բերող նպատակը նույն դեմքն ունի...
Նեղ, ծուռումուռ, աթարաշատ փողոցներ, անկանոն կառուցված տներ, որոնցում աչքի ընկնողը անասնակերի պահեստավորման համար շիֆերապատ բարձր ծածկերն են, որ ցցված են գրեթե ամեն տան տանիքին և հարևանությամբ: Ծածկերի մի մասն արդեն ամբողջովին զբաղեցված է ծղոտով ու խոտով: Հին տները շատ են, բավականին շատ: Դրանց մի մասի հողածածկ տանիքների գլխին էլ շիֆերապատ ծածկեր կան, «զառամյալների» կյանքը երկարացնելու համար են, բայց ժամանակավոր կառույցի տպավորություն են թողնում, խիստ անճաշակ են: Հին տների պատերի շարվածքը ուշադրություն գրավող է. փայտե ներդիրներ ունեն, անկյունաքարերը տաշված են խնամքով: Փայտե ներդիրները երկրաշարժի ցնցումները զսպելու նպատակ ունեն: Այդպես կառուցել են հայ վարպետները: Այսօր Արծաթի-Եշիլյայլայում այդպես չեն կառուցում. մի կերպ շարում են պատը, ծեփում ու ներկում։ Հին տների շարքում կան այնպիսիք, որոնց շատ մեծ տարիքը կասկած չի հարուցում՝ նրանք հաստատ տեսել են մեր ապուպապերին: Մենք անցանք դրանց կողքով, գուցե և մեզանից որևէ մեկի գերդաստանի տունը տեսանք... Արծաթին շատ քիչ բանով է ժամանակակից գյուղի նման: Տները հիմնականում այնպիսի տեսք ունեն, որ, թվում է՝ կառուցվել են դրանցում պատսպարվելու, ոչ թե կյանքը վայելելու համար: Քիչ տներ կան, որոնք պատշաճ տեսք ունեն: Արծաթին ոչնչով չեմ կարող համեմատել Ալաստանի հետ: Տպավորությունն այնպիսին է, թե գյուղը դեռևս ապրում է 19-րդ և 20-րդ դարերի միջակայքում: Արծաթին գրեթե գտնվում է այն վիճակում, ինչպիսին թողել են 1915 թ. քշված կամ գաղթած վերջին արծաթեցիները: Շատ քիչ բան է փոխվել: Այդ քչից մեկն էլ գյուղի եկեղեցիների ավերումն է: Ընդհանրապես գոյություն չունի Հայ առաքելական եկեղեցու հետևորդ արծաթեցիների՝ 1871 թ. կառուցած Սուրբ Նշան եկեղեցին: Հետքն էլ չի երևում: Մեզ հաջողվեց տեսնել միայն այդ եկեղեցու սյուներից գլանաձև, վարդագույն մի քար, որ դրված էր տներից մեկի պատի տակ, որպես նստարան: Ավերված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնական մասը, 11 մ x 22 մ չափեր ունեցած կառույցի երեք թաղերից (սյունաշարերից) մնում է միայն մեկը՝ հյուսիսահայաց եզրայինը, այն էլ գրեթե հավասարվել է չգոյության: Արտաքինից ընկել են (հանվել են) բոլոր քարերը, մնում է «տկլոր» կրալիցքը, որը նման է հսկա ժայռաբեկորի: Իսկ ներսից, չնայած ինչ-որ չափով պահպանվել է կամարածածկը, սակայն քարերը խիստ քայքայված են, իսկ պատերն ընդհանրապես քարազրկվել են: Այն տպավորությունն ես ստանում, որ բնության ավերիչ ձեռքին աջակից է եղել նաև մարդու ձեռքը։
Մենք հյուրընկալվում ենք Սուրբ Աստվածածին եկեղեցու տիրոջը: Չեթին Գյոքթաշը եկեղեցու տարածքը «ժառանգել է» հորից, նա էլ՝ իր հորից: Եթե հաշվի առնենք, որ Չեթինն այժմ մոտ քառասունհինգ տարեկան է, ապա հնարավոր է հաշվել, թե քանի տարի առաջ կարող էր նրա պապը տիրանալ եկեղեցուն: Հաշվարկը տանում-հասցնում է 1915 թվական: Պատմությունն էլ է դա հաստատում: Դա վերջին տարին է եղել, որ Արծաթիում դեռևս հայ բնակիչ եղել է, դրանից հետո հայերը կամ ջարդերի զոհ են դարձել, կամ հեռացել են դեպի Սիրիա: ՈՒշագրավ է այն փաստը, որ Սուրբ Նշան եկեղեցին լիովին ջնջվել է գետնի երեսից, իսկ Սուրբ Աստվածածինի մասունքները դեռևս մնում են, նույնիսկ տիրապետողի համար որպես մարագ կամ պահեստ ծառայելու հնարավորությունն ունեն: Ի՞նչն է եղել պատճառը. հնությունը քանդելու պետական արգե՞լք է եղել, թե՞ տիրապետողի կամքով է պայմանավորված, որ վերջինս դեռևս լիովին վերացած չէ: Այսօր Թուրքիայում շատ տարածված երևույթ է մետաղորսիչով եկեղեցիների ու վանքերի պատերը ստուգելը և գանձ գտնելու պատրվակով քանդելը: Երկրի իշխանություններն այդ երևույթն արգելող որոշում են կայացրել: Թե դա որքանով է անկեղծ մղումով արվել, դժվար է ասել: Դժվարանում ենք նաև համոզվել, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու լիովին չքանդելը պայմանավորված է այդ արգելքով: Եթե գործեր պետական արգելքը, կարծում ենք, չէր քանդվի նաև Սուրբ Նշանը, մանավանդ որ այն ավելի ուշ էր կառուցվել և տրամաբանորեն պիտի ավելի ամուր լիներ և ավելի լավ դիմակայեր բնական գործոնների ազդեցությանը: Ավելի հավանական է թվում Գյոքթաշների ընտանիքի վերաբերմունքը: Ասել, թե ավերակը նրանց խնամքոտ ձեռքի տակ է, կեղծ կլինի: Ժամանակին, օգտվելով առիթից, որ եկեղեցու մի փոքր մաս փլուզված է եղել, նրանք քանդել են կառույցի 2/3 մասը և տեղում տուն են կառուցել, իսկ մնացած մասը թողել են բնության կամքին։ Սակայն տերը ինչ-որ չափով հաշվի է նստում այն իրողության հետ, որ «իր սեփական» գույքը դարձած ավերակը պատմական հուշարձան է: Այս մասին մենք չենք հարցրել Չեթինին, ու նրա պատասխանը չենք լսել, սա ընդամենը ենթադրություն է, նրա վերաբերմունքից ձևավորված ենթադրություն:
Չեթինի ընտանիքը սպասել էր մեզ: Համացանցային կապով Մկրտիչը մի քանի օր առաջ տեղեկացրել էր, որ այցելելու ենք գյուղ: Մեզ ընդունեցին զսպված հյուրընկալությամբ, թեյ հրամցրին: Ներկայացավ նաև Չեթինի հարևան և ազգական Մուստաֆա Քարահանը: Մինչ այդ կարգի էին բերել տարածքը, մաքրել ավելորդություններից, ինչը չէր կարող չնկատվել: Մենք գիտեինք, որ ալաստանցի նախորդ տարիների այցելուներին թույլ չէին տվել մտնել եկեղեցու դեռևս կանգուն մասի ներսը: Եվ տղաներն այն լուսանկարել էին միայն դրսի կողմից, որտեղից եկեղեցու մասունքը հսկա, անկանոն ժայռաբեկոր է հիշեցնում: Այս անգամ Չեթինն ինքը հրավիրեց ներս՝ հետ քաշելով կամարաշարերի միջև երբևէ եղած կամարանցումներից (եկեղեցին ունեցել է մեջտեղի կամարաշարից դեպի եզրային կամարաշարերը տանող երեքական կամարանցում) այսօր միակ պահպանվածը ծածկող մոմլաթե վարագույրը: Դա անակնկալ էր մեզ համար:
Ավտոտնակ, տնտեսական մաս և հյուրասրահ դարձած տարածքից երկու-երեք աստիճան իջնելով հայտնվում ենք հսկա «ժայռաբեկորի» ներսում, որում պահպանվել է կամարածածկը, առաստաղից քարեր գրեթե չեն ընկել, և շինվածքը եկեղեցի է հիշեցնում, ինչ-որ չափով պահպանվել է նախաստեղծ վիճակը: Ներսը կիսամութ է, օդը՝ տամուկ: Մենք հավաստիանում ենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին իրոք որոշ չափով գետնափոր է եղել: «... Եկեղեցիս ունի հարավային որմին վրա ցած և փոքրիկ դուռ մը, որմէ ներս մտնելով երեք քարաշեն աստիճաններէ վար իջնալու է. ըստ այսմ եկեղեցւոյ ներքին երեսը խոր կամ ցած է 50 սմ իւր արտաքին կամ շուրջը պատող երեսեն՝ երկրէն...»*:
...Չնայած տեսածով հնարավոր չէ վերականգնել եկեղեցու ամբողջ ինտերիերի թեկուզ մոտավոր պատկերը, այդուհանդերձ ներսից տեսածը էական նորություն էր: Որքան էլ թափված է պատերի քարերի մեծ մասը, այդուհանդերձ կամարածածկը տեղում է: Տանտերը կամարաշարը ժամանակավոր միջնորմով բաժանել է երկու մասի՝ քարերով փակելով կամարանցումներից երկրորդը: Կամարաշարի բազալտ քարերը կարմրավուն երանգ ունեն: Չգիտես՝ դա քարի իսկակա՞ն գույնն է, թե՞ քայքայումից է առաջացել այդ երանգը: Տևական խոնավությունը քայքայել է քարերը, սակայն կամարի կանոնավոր շարվածքը հիմնականում պահպանված է:
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Մեկնաբանություններ